ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Գյումրիից հարևաններով են հեռանում, որ Ռուսաստանում էլ հարևանություն անեն»

«Գյումրիից հարևաններով են հեռանում, որ Ռուսաստանում էլ հարևանություն անեն»
11.11.2014 | 12:15

«44 աստիճանի վրա» ներկայացումը Համազգային պետական թատրոնի բեմում է ավելի քան 12 տարի: Ներկայացումն արտագաղթի մասին է: Դերակատարներն են Տաթև Ղազարյանը, Կարեն Խաչատրյանը և Վարշամ Գևորգյանը:
«Արտագաղթը մեզ տխրեցնում է, արտագաղթում է ոչ միայն հայ ժողովուրդը, այլև մեր հանդիսատեսը: Այս իմաստով կրկնակի տխուր է թատրոնի մարդկանց համար, արվեստագետների,- մեզ հետ զրույցում ասաց ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, հավելելով, թե պատահել է ներկայացումից հետո հանդիսատեսը մտել է դիմահարդարման սրահ ու պատռել ինքնաթիռի տոմսը:- Մի ուսանող լաց էր լինում, ու չէր հանգստանում, որովհետև թեման իր խնդրին էր առնչվում անմիջապես: Աշխարհում բոլորն էլ երկրից երկիր գնում են, բայց մեզ համար ցավալի է, որովհետև փոքրաթիվ ժողովուրդ ենք: Ավելի ցավոտ ենք տանում այդ ամեն ինչը, գնում ես օդանավակայան, բոլորը լացում են, ավտոկայանում լացում են: Լացելով են գնում: Ես գյումրեցի եմ, Գյումրիից հարևաններով են հեռանում, որ Ռուսաստանում էլ հարևանություն անեն»:
«44 աստիճանի վրա» ներկայացումը Համազգայինի ամենապահանջված բեմադրություններից է: Դերասանը նկատում է, որ երբ երկար ժամանակ ներկայացումը խաղում են, մի քիչ «մաշվում» է, հնանում: «Փորձում ենք լավ որակի մեջ պահել ներկայացումը, իմպրովիզացիաներ ենք անում, տեքստեր ենք ավելացնում: Այնքան է հիմնված դերասանական խաղի վրա, որ ջազային վիճակ է ստեղծվում, բայց, այսպես ասած, աշխատում ենք լադից դուրս չգալ»:
Ներկայացումը ստիպում է և՛ լացել և՛ ծիծաղել: Լույսն անհամեմատ շատ է։ Դատարկված գյուղում գարուն է գալիս: Կարեն Խաչատրյանն ասաց, որ հիմա արդեն լավատես չէ, բայց ստիպում է ինքն իրեն լավատես լինել: Իհարկե, սա չի նշանակում, թե խաբում են իրենք իրենց և հանդիսատեսին: Նրա խոսքով արվեստն ունի խաբկանքի տարրեր, տեղափոխում է քեզ ուրիշ աշխարհ, նկարչություն լինի, թե երաժշտություն: Արվեստը նաև շանս տալու խնդիր ունի: Կարծիքների մատյանում մեկը գրել է, որ ինքնասպան լինելու միտք է ունեցել, բայց այս ներկայացումից հետո ուզում է ապրել: «Նույնիսկ այդ մի մարդու համար արժեր խաղալ»,- ասաց դերասանը, հույս հայտնելով, որ ներկայացումը մտածելու առիթ կտա, ու գնալուց առաջ մեր հայրենակիցները մեկ անգամ ևս կմտածեն, ծանրութեթև կանեն:
Ներկայացման մեջ հնչում է «Մայր Արաքսի ափերով» երգը: «Արտագաղթը, ցավոք, նոր երևույթ չէ և չի ավարտվում,- ասաց ՏԱԹԵՎ ՂԱԶԱՐՅԱՆԸ:- Երբ բեմադրվում էր այս ներկայացումը, մեր ռեժիսորն ասաց` երանի գա մի ժամանակ, որ այլևս կարիք չլինի այս ներկայացումը խաղալու: Հանդիսատեսը չսիրի, չգա, իր կարոտն ու ցավը չտեսնի: Բայց այն դեռ պահանջարկ ունի, արդիական է և մեր երկրի մասին է: Անբացատրելի ընդունելություն է գտել սփյուռքում, ՀՀ մարզերում, Արցախում»: Նկատեցի, որ տխրեցնող կլինի, եթե ներկայացման դերասաններից մեկը հանկարծ որոշի լքել հայրենիքը: Տաթև Ղազարյանն ասաց, որ Մգրոյի դերն առաջին հինգ տարում մարմնավորել է Սերգեյ Թովմասյանը: Նա գնացել է երկրից, բայց երկու տարի անց վերադարձել է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ